Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

"Oт Ильича до Ильича без инфаркта и паралича"

"Oт Ильича до Ильича без инфаркта и паралича"
17.06.2014 | 00:28

Անաստաս Միկոյանի արձանի շուրջ բավականին մեծ աղմուկ է բարձրացել։ Ըստ էության, հասարակությունը երկփեղկված է, յուրաքանչյուր կողմը, անշուշտ, ճիշտ է յուրովի։ «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցում շոշափվեցին, առհասարակ, արձանների տեղադրման շուրջ գոյացող մի շարք խնդիրներ։

-Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ Միկոյանի արձանի շուրջ նման աղմուկ բարձրացավ, երբ մեր առջև բազմաթիվ անլուծելի խնդիրներ են ծառացած։
-Հասարակությունը, իսկապես, ծայրահեղ լարված է, քանզի երկիրը, ըստ էության, կանգնած է անկախության կորստի առաջ։
-Այսինքն` պետականությա՞ն կորստի։
-Այո։ Որոշակիորեն նաև հայ ազգի հեռանկարն է վտանգվում, որովհետև արտագաղթի տեմպերն ուղղակի հրաշալի են և, բնականաբար, դյուրագրգռություն կա մեր հոգիներում, հատկապես այն քաղաքացիների, որոնց համար անկախությունն ինքնին արժեք է։ ՈՒստի նման իրավիճակներում Միկոյանի արձանի տեղադրումը չէր կարող անպատասխան մնալ։ Միաժամանակ հանրային տագնապները կապված են աշխարհաքաղաքական իրավիճակների հետ։ Ռուսաստանը շատ ագրեսիվ էքսպանսիա է իրականացնում իր նախկին կայսրական տարածքներից մեկում, մոռանալով, որ 21-րդ դարում կայսրություններն այլևս ընդունված չեն, Հայաստանն էլ օր օրի կորցնում է իր անկախության բաղադրիչները, Ղազախստանի նախագահը Ղարաբաղի վերաբերյալ սյուզերենի տոնով է խոսում, Լուկաշենկոն կոպիտ և վերջնագրային է խոսում մեզ հետ, այսինքն որպես անկախ պետական միավոր Հայաստանն այլևս ընկալելի չէ։ Անշուշտ, այլ խնդիր էլ կա։ Մեր երկրում իշխանությունն ավտորիտար նկարագիր ունի և ակամա կապվում է ստալինյան շրջափուլի հետ, չնայած հետևանքներն ու միջոցները խիստ տարբեր են և փա՜ռք Աստծո, դեռևս Ղուկասյանում աքսորավայր չկա։
-Հուսանք աքսորավայրերի չենք արժանանա։ Սակայն վերադառնանք, այսպես ասած, հակամիկոյանական ընդվզմանը։ Եվ միկոյանասերների սպասելիքներին։
-Անշուշտ, Անաստաս Միկոյանը համաշխարհային քաղաքականության դեմքերից մեկն էր։ Միայն նրա քաղաքական երկարակեցությունը (հիշենք թեկուզ "oт Ильича до Ильича без инфаркта и паралича" հայտնի ասույթը) նրա դիվանագիտական և քաղաքական հասունության մասին է խոսում։ Սակայն չէ՞ որ Միկոյանն այն հանձնաժողովում էր, որն ակնհայտ հակահայ որոշումներ էր կայացնում, առկա են փաստաթղթերը, նա Խատինի սպանդին է առնչվում, մինչ այդ Ղարաբաղի ու Նախիջևանի ադրբեջանականացման կողմնակիցներից էր, որն անբնական էր հայ մարդու համար։ Նաև չմոռանանք, որ նա Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչ չէր։ Նա ռուս-սովետական քաղաքականության և պետականության կրողն էր։ Բայց չէ՞ որ այդ ժամանակաշրջանում Հայաստանում գործել է Ալեքսանդր Մյասնիկյանը, և ինձ համար լիովին հասկանալի է նրա արձանի առկայությունը։
-Շահումյա՞նը։
-Այո, իհարկե։ Ինչո՞ւ մինչ օրս չունենք Աղասի Խանջյանի արձանը։ Թեև նրա գործունեության նախնական փուլում ինչ-ինչ հակասական բաներ են նկատվում, սակայն չէ՞ որ հանրահայտ է, որ Բերիան նրան գնդակահարեց ստալինյան բռնություններին ընդդիմանալու համար։ Գլխավորապես, որ Խանջյանը փորձում էր փրկել մտավորական սերուցքը, ըստ էության, նրան հաջողվեց որոշ ժամանակով երկարաձգել Չարենցի կյանքը, և նա կյանքով հատուցեց։
-Խանջյանը միարժեքորեն Նժդեհի, Արամի, Մյասնիկյանի և Շահումյանի պետականաշինական գործի շարունակողն էր, նրանց հոգեորդին։ Ես մի եղելության եմ տեղյակ.1932-ին (կամ 33-ին) Մարտունու շրջանի մի քանի գյուղ փորձում են դուրս գալ Սովետմիության կազմից։ Ամիսներ շարունակ այդ խռովարար շրջանը անկախանում է, Խանջյանը բազմիցս փորձում է նրանց դարձի բերել բանակցությունների ճանապարհով։ Գյուղերը, որոնց բնակչությունը ծուռ ալաշկերտցիներն ու մշեցիներն էին, չեն նահանջում։ Խնդիրը լուծվում է Կարմիր բանակի զորամիավորման միջոցով, բռնաճնշմամբ։
-Դա ևս Խանջյանի հայակենտրոնության մասին է խոսում։
-Բարի, հանուն ինչի՞ պիտի այսօր արձան և կոթող տեղադրել, այլ կերպ ասած, ո՞րն է դրա խորհուրդը։
-Արձան տեղադրելով իշխանությունն ուղերձ է հղում հանրությանը, քանդակն ու հուշաղբյուրը ընդամենը գեղարվեստական խնդիրներ չեն լուծում և արտացոլում, այն քաղաքական և գաղափարական ուղերձ է։ Այս տեսանկյունից ելնելով, ի՞նչ ուղերձ է իշխանությունը հղում Միկոյանի արձանի տեղադրմամբ։ Ես չարագուշակ ուղերձներ եմ տեսնում, այն է` էական չէ, թե ոնց ես պաշտոնավարելու, կարևորը որ պաշտոնավարելու ես, էական չէ, որ պաշտոնավարմանդ ընթացքում անցնում ես ժողովրդի հավատի և արյան վրայով, էական է իշխանությանդ երկարաձգումը։ Վերջապես, արձանի արժանացողը արդյո՞ք որևէ դրական և առանձնահատուկ բան է իրականացրել իր պետության համար։ Կամ համաշխարհային առումով նպաստե՞լ է, թե՞ կանխարգելել մարդկության առաջընթացը։ Միկոյանը չի նպաստել համաշխարհային առաջընթացին, նա բազմաթիվ օղակներից մեկն էր, նրան, այո, հաջողվեց ազդել սովետա-ամերիկյան համաշխարհային ճգնաժամի դրական լուծման վրա, բայց չէ՞ որ մարդկությունը բազմաթիվ նման ճգնաժամեր է տեսել։ Այսինքն` անկախ այն բանից, թե Անաստաս Միկոյանը մորթապաշտությունից կամ ահուսարսափից դրդված է իր հակամարդկային գործերն իրականացրել, նրա արձանը չպետք է տեղադրվի, առավել ևս, որ ես առանձնացրի մեկ այլ հայի` Աղասի Խանջյանին, ով զոհաբերվեց հանուն իր գաղափարների, բնականաբար, Խանջյանի արձանի ուղերձը միանգամայն ճիշտ ուղերձ կլինի հանրությանը։
-Ամփոփենք. Խանջյանի արձանը ի՞նչ ուղերձ է ենթադրում, եթե, անշուշտ, երբևէ որոշեն նրա արձանը տեղադրել։
-Դա հստակ ուղերձ կլինի, որ պետական այրերը պիտի ղեկավարվեն բացառապես ազգային, հանրության և պետական շահերով։ Աղասի Խանջյանը ո՛չ բռնապետ էր, ո՛չ էլ մաֆիայի պարագլուխ։
-Այս օրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հռչակեց Նժդեհի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու մասին իր որոշումը։ Սա ևս ուղերձ է, խիստ դրական և երկար սպասված։ Սակայն տարիներ շարունակ ինքս եմ ուղերձներ հրապարակել առ այն, որ անհեթեթություն է Նժդեհի անունով անվանակոչել Սուրեն Սպանդարյանի անունը կրող հրապարակը, հրապարակ մտնող Կալինինի անվան պողոտան և մետրոյի կայարանը։ Եվ Նժդեհի անվան հրապարակում պահպանել բոլշևիկ Սպանդարյանի արձանը։ Ի դեպ, Սպանդարյանի հեղափոխական մականունը Իզգոյ էր։
-Աշխարհում քաղաքակիրթ փորձ կա. ժամանակավրեպ, անընդունելի քաղաքական գործիչների արձանները հավաքել առանձին մի վայրում, որևէ պուրակում։ Սա մեզ մոտ չկիրառվեց։ Բայց ժամանակին Լենինի անվան հրապարակում հենց Լենինի, արձանն էր` Մերկուրովի հրաշալի գործը։ Կարծում եմ, որ պիտի պահպանեինք արձանի պատվանդանը, վրան տեղադրելով հանրապետության, մեր հարատևության կամ մի այլ վեհ բանի խորհրդանիշ կոթողը։ Անգամ պատվանդանի վրայի Խորհրդային Հայաստանի դրոշը խնդիր չէր, այն Առաջին հանրապետության շարունակություն հանդիսացող պետության դրոշն էր, որը նախորդեց 3-րդ հանրապետությանը։ Վերադառնալով Նժդեհի արձանին, միանշանակ Սպանդարյանի արձանը պետք է տեղափոխվեր, ինչպես ասացի, հատուկ դրանց համար նախատեսված մի վայր։ Բայց դրական եմ համարում մայրաքաղաքի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու Տարոն Մարգարյանի մտադրությունը։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ